ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Սուրբ տեղը թափուր չի մնում

Սուրբ տեղը թափուր չի մնում
29.12.2020 | 09:34

Հայ ժողովրդական ասացվածք է՝ «Ճտերն աշնանն են հաշվում»: Մենք չհաշվեցինք, մեզ հաշվեցին: Ու մենք ավելի քիչ էինք՝ քան պիտի լինեինք: Մեր ունեցածն էլ ավելի քիչ էր, քան պիտի լիներ: Իսկ վերջանահաշվում՝ շատ ավելի քիչ մնաց: Որովհետև 2020-նն էր, նահանջ տարի էր, մկան տարի էր… Կորոնավիրուսի տարի էր:
Ու հիմա իշխանությունը պաշտպանվում է ու հարձակվում, ընդդիմությունը՝ հարձակվում ու պաշտպանվում: Երկուսն էլ միմյանց վրա: Իսկ Բաքվում արդեն քննարկում են ռուս խաղաղապահներին «Ադրբեջանից» վտարելու ու թուրքական զորք բերելու, Հայաստանի տարածքի հաշվին 10-20 կիլոմետրանոց անվտանգության գոտի ստեղծելու մասին: Ինչու՞ ոչ: Չէ՞ որ մենք զբաղված ենք իրար ուտելով ու իրար թշնամի կարգելով: Իսկ համատեղ՝ Ռուսաստանին փրկիչ նշանակելու սակրալ գործընթացով:


Նոյեմբերի կեսերից՝ դեկտեմբերի վերջ՝ ընդդիմությունը արժանապատվության երթեր արեց, անհնազանդության ակցիաներ, ՔՊ-ի պատգամավորների մեքենաների ու պատգամավորների վրա ձվեր նետեց ու «դավաճան» բղավեց: Ու՝ ի՞նչ: Ոչինչ: Վազգեն Մանուկյանը համարում է, որ արդեն հաղթել են՝ արթնացրել են պարտության շոկի մեջ գտնվող ժողովրդին: Գուցե արթնացել է, բայց մեկ է՝ տնից դուրս չի գալիս: Ու Նիկոլ Փաշինյանն էլ հարցնում է՝ ինչու՞ պիտի անտեսվի այն ժողովուրդը, որ ընդդիմության տեսակետը չի ընդունում: Իրավունք ունի: Ինքն անտեսում է իրեն չընդունող ժողովրդին, ընդդիմությունը անտեսում է իրեն ընդունող ժողովրդին: Իսկ ո՞վ է ու ի՞նչ է մտածում այդ քաշքշվող «ժողովուրդը»: Ոչ ոք արդեն չի հավատում սոցիոլոգիական հարցումներին Հայաստանում՝ ով պատվիրում է, նա էլ ստանում է իր ցանկալի տոկոսները: Հասկանալու միակ տարբերակը մնում է ընտրությունը՝ արտահերթ ընտրությունները: Հենց դա է փորձաքարը՝ ո՞վ է կազմակերպելու արտահերթ ընտրությունները: Կողմերը, մեղմ ասած, փոխադարձ անվստահության ալիքների մեջ՝ գտնում են, որ միայն ու միայն իրենք պիտի ընտրությունները կազմակերպեն:

Ու եթե Նիկոլ Փաշինյանն առաջարկում է 2021-ին և խորհրդակցությունների է հրավիրում խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերին, Վազգեն Մանուկյանը հայտարարում է, որ ոչ մի ընտրություն Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք չի լինելու: Ավելին՝ նա նույնիսկ դեմ է արտահերթ ընտրություններին. «Այս պահին ընտրություններ կամ մի ամիս հետո ընտրություններ, երկու ամիս հետո ընտրություններ, նշանակում է՝ նորից տրոհել Հայաստանը, որովհետև ընտրությունը նշանակում է պայքար, բոլոր կուսակցությունները պետք է սկսեն իրար հետ պայքարել, այս վիճակում իմաստ ունի՞, որ այդ պրոցեսի մեջ մտնենք։ Մինչև ուշքի չգանք, չի կարելի այդպիսի բան անել»։ Իսկ թե որքան կարող է տևել մեր «ուշքի գալը», եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, ու ինչ-որ ձևով Վազգեն Մանուկյանը դառնա վարչապետ, դժվար չէ պատկերացնել՝ ձգելու է ինչքան կարող է: Դժվար չէ պատկերացնել, որ Վազգեն Մանուկյանն էլ կարճ ժամանակից հրաժարական է տալու, որովհետև դե ֆակտո չի ստացվելու բանակցել Ադրբեջանի հետ՝ Բաքու-Անկարա-Մոսկվան նրան եռակողմ պատասխան են տալու, որ ժամանակավոր կառավարության հետ ժամանակավոր պայմանավորվածությունների չեն գնա: Տնտեսական վիճակում էլ փոփոխություններ չեն լինելու, որովհետև ժամանակավորի հետ ոչ մի լուրջ ներդրող հույսեր չի կապելու: Իսկ առանց ներդրումների տնտեսական ճգանաժամը խորանալու է: Ու քանի որ մենք վերջնականապես կախվել ենք Ռուսաստանի վզից, Արևմուտքը, հարգելով մեր ընտրությունը, ուղարկելու է ռուսական ջրերում ազատ նավարկության: Իսկ այդ պայմաններում քաղաքական կայունությունը ապրիորի է:
Ու՝ ի՞նչ: Ո՞վ է հասկանալու, որ այսպես շարունակել չի կարելի, ո՞վ է կանգ առնելու, ո՞վ է պետության մասին մտածելու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ Արցա՞խը: Արդեն ակնհայտ է, որ թեև Մոսկվան չի բարձրաձայնում ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու իր ցանկությունը՝ Արցախի հարցը Մոսկվա-Անկարա ձևաչափով լուծելու հեռանկարով, Արևմուտքը դեմ է Մինսկի խմբի լուծարմանը: Ֆրանսիայի, Բելգիայի խորհրդարաններում Արցախի ճանաչումից, այլ երկրների խորհրդարանների՝ Ադրբեջանին դատապարտող բանաձևերից հետո մնում է եզրակացնել, որ եթե Արցախի կարգավիճակի հարցը չի լուծվում ԵԱՀԿ մանդատ ունեցող Մինսկի խմբի շրջանակում, սկսվելու է Արցախի միջազգային ճանաչումը:


Ակնհայտորեն՝ ԼՂԻՄ-ի կամ նախկին սահմաններով: Բայց՝ 2021-ի հունվարից հետո:
Մոսկվային Արցախի կարգավիճակը ընդհանրապես չի հետաքրքրում և չի հետաքրքրելու նվազագույնը 5 տարի՝ մինչև լրանա իր խաղաղապահների տարածաշրջանում գտնվելու ժամկետը: Եվ Արևմուտքի ցանկացած քայլ որակելու է՝ իր դեմ ուղղված, որ տարածաշրջանում նվազեցնի ռուսական ազդեցությունը: Ստացվում է՝ մենք պատանդ ենք Մոսկվայի ազգային շահին, ռուս-թուրքական խաղերին ու խաղիկներին տարածաշրջանում ու աշխարհում:
Իսկ ընդհանրապես՝ ինչպես Նիկոլ Փաշինյանն է համոզված, որ իրենից բացի ոչ ոք չի կարող վարչապետ լինել, այնպես էլ փողոց դուրս եկած ընդդիմությունն է միայն Վազգեն Մանուկյանին տեսնում վարչապետ, ու բոլորը միասին մոռանում են, որ սուրբ տեղը թափուր չի մնում:

Դիտվել է՝ 22555

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ